Երեւանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր՝ ապրիլի 5-ին, հուղարկավորել են  շփման գծում ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված հետախույզ-գնդացրորդ, պայմանագրային զինծայառող, շարքային Սասուն Ֆահրադի Մկրտչյանին: Հուղարկավորության արարողությանը տեղի է ունեցել զինվորական արարողակարգով, ներկա է գտնվել նաեւ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այսօր մենք դեպի անմահություն ենք ճանապարհում հայ զինվորին: Զինվոր, ով իր անունը փառքով պսակեց, զինվոր, ով փառքով պսակեց իրեն ծնած ընտանիքին: Մենք այստեղ ենք, որպեսզի գլուխ խոնարհենք Սասուն Մկրտչյանի եւ մեր մնացած նահատակների սխրագործության առաջ»,- ասաց Սերժ Սարգսյանը:

26-ամյա Սասուն Մկրտչյանը երեւանցի էր, կամավոր ծառայության էր մեկնել մոտ 4 տարի առաջ: Ինչպես նրա զորամասի հրամանատարի անձնակազմի տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Դանիելյանն էր շեշտել, Սասունը պարտաճանաչ եւ ընկերասեր զինծառայող էր, զորամասի լավագույններից մեկը:

Զոհված զինծառայողի հարազատներն էլ ընդգծում են, որ իրենք գլխիկոր չեն, քանի որ Սասունը հերոսաբար է զոհվել:

Նշենք, որ 26-ամյա հետախույզը զոհվել է՝ հակառակորդին պատժիչ հարված տալու ժամանակ՝ մարտական խնդիր կատարելիս: