Էջմիածնի Շողակաթ եկեղեցում այսօր՝ ապրիլի 6-ին, տեղի ունեցավ Արցախում ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված ժամկետային զինծառայող, 19-ամյա Արամայիս Միքայելյանի հոգեհանգիստը։

Հոգեհանգստին ներկա էին հարազատները, ընկերները, զինվորականներ եւ պաշտոնատար անձինք։

Արամայիս Միքայելյանը քանդակագործությամբ էր զբաղվում, սիրում էր խաչքարեր քանդակել:

«Քանդակագործ տղա էր, ձեռքից ամեն ինչ գալիս էր: Նստում, ժամերով պապի հետ քանդակներ էր անում՝ այնպիսի քանդակներ, որ անգամ վարպետաց վարպետը չէր կարող անել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արամայիս Միքայելյանի հարազատներից Էդիկ Բեգլարյանը:

19-ամյա զինծառայողը բնակվում էր Ոսկեհատ գյուղում, այսօր արդեն համագյուղացիները նրա մասին խոսում են որպես հերոսի: «Արամայիսը մեծատառով մարդ էր՝ հերոս, փոքր մարմնի մեջ՝ հասունացած մեծ մարդ»,- նշեց Ոսկեհատի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Ալվարդ Դանիելյանը:

Արամայիս Միքայելյանը սովորում էր Երեւանի «Հայբուսակ» համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Ուսման 3-րդ կուրսից՝ 2015թ փետրվարին, զորակոչվել էր բանակ։