Լեռնային Ղարաբաղը դե-ֆակտո անկախ պետություն է, ժամանակն է ճանաչել այն: Այս մասին Valeurs Actuelles կայքին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Մարսելի փոխքաղաքապետ Վալերի Բուայեն:

«Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություն սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ: Այդ խելահեղ հարձակումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ալիեւ Ջոն Քերրիին վստահեցրեց, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: 1994 թվականին հրադադարի մասին համաձայնության ձեռք բերումից ի վեր առաջին անգամ Ադրբեջանը ռազմական ուղղաթիռներ, «Գրադ», տանկեր օգտագործեց, ինչը հանգեցրեց բազմաթիվ զոհերի նաեւ խաղաղ բնակիչների շրջանում, այդ թվում՝ երեխաների:

Սակայն հարձակումները հանդիպեցին Լեռնային Ղարաբաղի բանակի հակահարվածին, ինչը Բաքվի բռնապետին ստիպեց կրկին հրադադարի մասին համաձայնության գնալ: Դա չի համապատասխանում նախկինում նրա հնչեցրած ռազմատենչ եւ ագրեսիվ հայտարարություններին, այլ պարտությունը ճանաչելու նշան է:

Ադրբեջանն ավելի քան 200 զինվոր կորցրեց, տանկեր եւ տարածքային առումով ոչինչ կստացավ, ինչը, իր հերթին, ցուցադրում է Ադրբեջանի թուլությունը: Լեռնային Ղարաբաղը դե-ֆակտո անկախ պետություն է, ժամանակն է ճանաչել այն»: