Սյունիքի մարզի Որոտան գյուղում այսօր՝ ապրիլի 7-ին, հրաժեշտ տվեցին ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված շարքային Նարեկ Մկրտչյանին: Նարեկը դիպուկահար էր, զոհվել է Թալիշ գյուղի մոտ տեղի ունեցած թեժ մարտերի ժամանակ:

«Ծառայության ընթացքում միշտ գիտեինք, որ Նարեկը ուժեղ տղա է, իսկական սյունեցի է: Կռվի ժամանակ էլ ցույց տվեց, չլքեց սահմանը, չլքեց ընկերներին: Մինչեւ վերջ կռվել է, հրամանատարի հետ զոհվել է հերոսի մահով»,- պատմում է  համայնքի ղեկավար Սուրիկ Օհանջանյանը:

Նարեկի ռուսաց լեզվի ոսուցչուհին՝ Անժելա Արզումանյանը, հիշում է, որ տարիներ առաջ ուսուցչուհիներից մեկը մնացել էր դասարանում. դուռը փակվել էր, չէր կարողանում դուրս գալ: Նարեկն է պատուհանից պատուհան անցել եւ օգնության հասել: «Միշտ էլ համարձակ է եղել անհրաժեշտության դեպքում՝ պատրաստ օգնության»:

Նշենք, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանով ՝ Նարեկ Մկրտչյանը հետմահու պարգեւատրվել է մարտական ծառայության մեդալով: