Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի հարձակման զոհ դարձած 19-ամյա Գրիգոր Հարությունյանն այն անհետ կորած տասնինը զինվորների թվում էր, որոնց մարմինները հայկական կողմը փոխանակման միջոցով ստացավ օրեր առաջ։

Գրիգորը Երեւանից էր, բանակ էր զորակոչվել ութ ամիս առաջ։ Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում բնութագրեցին մոր բարեկամները՝ ոչ դպրոցից է բան հասկացել, ոչ էլ իր կյանքից։ Գրիգորը շատ փոքր է եղել՝ 2-3 տարեկան, երբ հայրը մահացել է։ Չորս  մանկահասակ երեխան մնացել է մոր խնամքին։ Ապրել են վարձով, տնից տուն տեղափոխվել, դպրոցից՝ դպրոց։ Վերջին տարիներին գիշերօթիկում է սովորել, որոշել քոլեջում շարունակել, սակայն ֆինանսական միջոցների իսպառ բացակայության, ինչպես նաեւ մոր  առողջական վիճակի վատթարացման պատճառով չի կարողացել։  Մայրը մի քանի անգամ վիրահատության է ենթարկվել։ Այսօր անգամ չկարողացավ որդուն հրաժեշտ տալ գերեզմանի մոտ։ Եռաբլուրում հրաժեշտի արարողակարգից հետո նրան տարան, ուժ չուներ քայլելու մինչեւ գերեզման։

Հարազատներն ասացին՝ Գրիգորի մեծ եղբայրն ու քույրը ամուսնացած են, ինքն ու կրտսեր եղբայրը մոր հետ ապրում էին Գաջեգործների փողոցում, վթարային շենքում, սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում։ Երբ խնդրեցինք 19-ամյա հերոսի մասին պատմել, հարեւաններն ու հարազատները գլուխն օրորելով՝ հիշեցին նրա ապրած ծանր օրերը, տանիք ու բարեկեցություն ստեղծելու երազանքները։ Չնայած դժվար կյանքին՝ հասցրել է զբաղվել իր սիրելի սպորտաձեւով։

«Ուզում էր քոլեջում սովորեր, բայց աշխատում էր, չկարողացավ․․․Գրիգորը շատ խելացի էր, հումորով, զուսպ, շատ ուրախ․․․ Սպորտով էր հետաքրքրված, ֆուտբոլ էր սիրում, բայց զբաղվում էր բռնցքամարտով․․․»,-պատմեց ընկերը, որը Գրիգորին ճանաչել է թիվ 1 գիշերօթիկ դպրոցից։

Մորաքույրը՝ Անահիտը, խոսելու փոխարեն հորդորեց մեկ անգամ այցելել նրանց տուն ու տեսնել, թե 19-ամյա զարմիկն ինչ դժվար օրեր է հաղթահարել, ինչ լավ զավակ եղել։

«Տանջված երեխա էր, ուշք ու միտքն այն էր, որ աշխատեր ու դուրս գար էդ սոցիալական դժվարագույն վիճակից, ոտքի կանգնեին, մորը բուժեր․․․Իր դառը աշխատանքով, իր ձեռքերով փորձում էր էդ տունը, որն ուղղակի տուն էլ չես ասի, չգիտես՝ ինչ է, տան նման սարքեր։ Մեծ եղբայրն էլ է ծառայել ու բանակից վերադարձել առողջական խնդիրներով»։

Ի  տարբերություն  կանանց՝ ընտանիքի բարեկամ Վանիկը, Գրիգորի կորստյան ցավից ոչ թե հուզված էր, այլ վրդովված։  Նա Արցախյան ազատամարտի առաջին կամավորներից է եղել, լավ գիտի պատերազմն էլ, իշխանությունների բացթողումներն էլ։ Նախկին զինվորականը շեշտեց, որ ժամանակները փոխվել են, կռվի ձեւերը՝ նույնպես։ «Նախկինում բանակ չկար, զենք չկար, հիմա իրավիճակն այլ էր։ Ախր հիմա բանակ էլ կա, զենքի հնարավորություն էլ կա, որ իրանց դղյակներ չսարքեն, մենակ իրենց աթոռի մասին չմտածեն, զենք ու զինամթերք առնեն, էս երեխեքի արյամբ չենք վճարի։ Մեր երեխեքն, իրոք, հայրենասեր են, ոգին բարձր է, թուրքի նման վախկոտ չեն, բայց մենակ իրենց ուսերին չպիտի թողնես պատերազմը․․․»։