Չինաստանն աջակցում է ղարաբաղյան հիմնախնդրի՝ բանակցային ճանապարհով բացառապես խաղաղ կարգավորմանը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 15-ին, Պեկինում Հայաստանի ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները՝ շեշտելով, որ դրանք համահունչ են միջազգային հանրության կողմից միջնորդական առաքելություն իրականացնող միակ ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միասնական դիրքորոշմանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց Մեկ Չինաստանի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը։ Չինաստանի արտգործնախարարը նշեց, որ իր երկիրը բարձր է գնահատում Հայաստանի այդ սկզբունքային մոտեցումը։

Զրուցակիցներն անդրադարձան Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող զարգացումներին, կարեւորեցին ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության միասնական ջանքերը։

Ընդունելով Հայաստան այցելելու Էդվարդ Նալբանդյանի հրավերը՝ Վան Ին նշեց, որ ուրախ կլինի այց կատարել Երեւան։