NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը դիմել է ոստիկանություն՝ գործակալության թղթակցի տեսախցիկը եւ վկայականը հափշտակելու, մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաեւ մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստերի առթիվ:

Ոստիկանության կողմից մարմնական վնասվածքների աստիճանը որոշելու նպատակով տրվել է համապատասխան դատաբժշկական ուղեգիր: Կատարվածի առնչությամբ համապատասխան մարմիններում նյութեր են նախապատրաստվում:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Կոտայքի մարզի «Մուլտի Գրանդ» հյուրանոցի մոտ, որտեղ այդ պահին ընթանում էր ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի 8-րդ նիստը, զինվորական համազգեստով մի տղամարդ NEWS.am-ի թղթակցից նախ հետաքրքրվել է, թե արդյոք լրագրողն իրավունք ունի այդ տարածքում նկարահանում կատարել, ապա հրահանգել է տարածքում կանգնած զինվորական հագուստով անձանցից մեկին զանգահարել Պաշտպանության նախարարություն:

Քիչ անց նույն անձը զինվորական հագուստով անձանց հրահանգել է լրագրողին «աջ տանել»: Լրագրողին հրավիրել են մուտքից դեպի աջ, ասել, որ նկարահանում չանի: Մի քանի րոպե հետո նույն անձը հրահանգել է «բռնագրավել» լրագրողի տեսախցիկը: Զինվորական հագուստով անձանցից մեկն առանց ներկայանալու պահանջել է լրագրողի վկայականը, ապա զանգահարել է ինչ-որ մեկին, տեղեկացրել, որ լրագրողը NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության աշխատակից է: Այդ ընթացքում մյուս անձը խլել է  տեսախցիկը՝ վնասելով լրագրողի ձեռքը:

Ի դեպ, հրահանգող անձը կատարվածից հետո նստել է ՊՆ համարանիշով մեքենան եւ հեռացել: Դեպքից հինգ ժամ անց, 21:30-ի դրությամբ, տեսախցիկը դեռ չեն վերադարձրել: