Հրազդանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, նշելով, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանը, նրա վարորդը եւ եւս մեկ անձ այսօր՝ ապրիլի 17-ին,  ընտրատեղամասից դուրս հարձակվել են Արամ Դանիելյանի վստահված անձ Մաթեւոս Ավանեսյանի վրա եւ ծեծել նրան։  Մաթեւոս Ավանեսյանը հաղորդում է տվել Ոստիկանության Հրազդանի բաժնում, որ ժամը 10 .40-ի սահմաններում Հրազդանի թիվ 14 դպրոցում տեղակայված 25/09 ընտրատեղամասից շուրջ 70 մետր հեռավորության վրա փողոցում իր հետ վիճաբանել են քաղաքապետի մյուս թեկնածու Սասուն Միքայելյանը եւ նրա հետ գտնվող եւս երկու անձ։

Այս առնչությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հերքել է ծեծի լուրը՝ նշելով. «Պարոն Միքայելանը անցելուց է եղել թիվ 14 դպրոցի մոտակայքով, եւ նրան տեղեկացրել են, որ իրեն այնտեղ մարդ կա, որը գումար է բաժանում, մոտենալով այդ անձնավորությանը, որը մեքենայի մեջ փաստացի զբաղվել է այդ գործողությամբ, եւ չի հերքել: Հարցրել է, թե ինչ ես անում, նա չի պատասխանել, եւ դուրս է եկել, հայհոյել է, եւ ասել է լավ եմ անում, եւ դիմել է փախուստի»: 

Նրա խոսքով, ծեծի մասին խոսք լինել չի էլ կարող։ «Թող դիմեն իրավապահներին, որոնք կպարզեն միջադեպի մանրամասները»,-հավելել է Ալեն Սիմոնյանը։