Հրազդանի քաղաքապետի թեկնածուների նախընտրական շտաբները շարունակում են ընտրախախտումներ արձանագրել եւ միմյանց մեղադրել խախտումներ կատարելու մեջ:

Քաղաքապետի թեկնածու, ազատամարտիկ Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենց արձանագրած խախտումները հրապարակված են մամուլում եւ «6 հազար վստահված անձ» ֆեյսբուքյան էջում:

«Այս պահին միայն կարող եմ ասել, որ ընտրողների մասնակցության տեմպը խիստ նվազել է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի փոխանցմամբ` քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի կողմնակիցները մեծահասակ մարդկանց ուղղորդում եւ «օգնում են» ընտրություն անելու, հրազդանցիներն ահազանգում են նաեւ, որ քաղաքում մարդկանց գումար են բաժանում, որ քվեարկեն գործող քաղաքապետի օգտին, ընտրատեղամասերում բաց եւ կրկնակի քվեարկություններ են կատարվում, ինչպես նաեւ Արամ Դանիելյանի ընկերները, որոնք բարձրաստիճան պաշտոնյաներ, միջամտում են ընտրական գործընթացին:

Գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի նախընտրական շտաբի պետ Կարեն Մարգարյանը, անդրադառնալով Սասուն Միքայելյանի կողմնակիցների կողմից հնչող մեղադրանքներին, ասաց. «Օրինակ, փող բաժանելու մասով թող լուսանկար, տեսանյութ հրապարակեն, որ այս գործողությունը փաստացի տեղի է ունենում: Այս ամենն իրականության հետ որեւէ աղերս չունի: Դատապարտում ենք նման տգեղ ձեռագիրը, դատապարտում ենք նման գործընթացներին մեզ ներքաշելու հոգեբանությունը: Սա որակում ենք` որպես վերահաս, մի քանի ժամ հետո արձանագրվելիք պարտության արձանագրում»:

Արամ Դանիելյանի նախընտրական շտաբի պետի խոսքով, իրենք որեւէ խախտում չեն արձանագրել, բացի առավոտյան Սասուն Միքայելյանի եւ իրենց շտաբի ներկայացուցչի միջեւ տեղի ունեցած միջադեպից: Նշենք, որ Արամ Դանիելյանի շտաբը պնդում է, որ Սասուն Միքայելյանն ու իր վարորդը ծեծի են ենթարկել իրենց շտաբի ներկայացուցչին: Հակառակ կողմը հերքում է: Միջադեպի մանրամասները ճշտվում են:

Քաղաքապետի մյուս թեկնածու, «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Միսակյանը նույնպես պնդում է, որ ընտրախախտումներ տեղի են ունեցել, սակայն թե որ թեկնածուի կողմից, իրենք առաջիկայում փաթեթով կներկայացնեն:

«Մենք հավաքում ենք բոլոր նյութերը, խախտումների նկարագրությունը, ձայնագրությունը, տեսագրությունը եւ բոլոր խնդիրների մասին արդեն փաթեթով կխոսենք: Ըստ իս, ոչինչ չի փոխվել, ընտրախախտումների նույն մեթոդները, նույն եղանակները: Մեծ հաշվով բան չի փոխվել»,- ասաց Արթուր Միսակյանը:

Նշենք, որ ժամը 17:00-ի դրությամբ Հրազդանում ընտրություններին մասնակցել է  22365 ընտրող կամ ընտրողների 50.46 տոկոսը: Հիշեցնենք, որ այս համայնքում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 44 հազար 320: