Հայոց ցեղասպանությունը ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի պատմության մի մասն է, սա մեկ ազգի, երկրի ցավը չէ, միեւնույն ժամանակ մենք պետք է առաջ նայենք: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, Երեւանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ ասել է աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունին, որը նախօրեին ժամանել է Հայաստան:

«Ավրորա» մրցանակաբաշխության գեղեցկությունն այն է, որ հիմնադիրները կարողանում են նայել այն մարդկանց հերոսությանը, որոնք գնում են վտանգավոր տեղեր, ռիսկի ենթարկում իրենց կյանքը, որպեսզի ուրիշներին կարողանան օգնել»,- ասաց Ջորջ Քլունին՝ նշելով, որ ինքը հպարտ է այս օրերին Հայաստանում գտնվելու համար:

Աշխարհահռչակ դերասանի կարծիքով՝ այսօր չես կարող հերքել այն, ինչ 101 տարի առաջ տեղի է ունեցել, չես կարող հերքել այն, որ ինչ-որ մեկը փորձել է վերացնել մի ամբողջ մարդկային ցեղ. «Մենք շարունակում ենք ասել, որ այսեւս նման բան չպետք է կրկնվի: Դրանից հետո սա կատարվում է Կամբոջայում, Բոսնիայում, Ռուանդայում, Դարֆուրում, եւ ճշմարտությունն այն է, որ չպետք է կատարվի, սակայն նորից ու նորից կատարվում է: Մենք ասում ենք՝ եթե իմանայինք, սակայն մենք դրա մասին իմանում ենք, դա տեսնում ենք»: