Սեպտեմբերի 26-ին իսպանահայ համայնքի համար իր դռներն է բացել Մադրիդի կենտրոնում տեղակայված Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայ համայնքի ուժերով վերանորոգված դեսպանատան սրահում կազմակերպվել է ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության 19-րդ տարեդարձին եւ Իսպանիայում ՀՀ դեսպանության բացմանը: Ընդունելությանը ներկա են եղել երկրի տարբեր շրջաններից ժամանած հյուրեր, այդ թվում՝ հայ կրթամշակութային կառույցների ներկայացուցիչներ Բարսելոնայից, Վալենսիայից, Մալագայից, Ալիկանտեից:

Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանի հրավերով Բարսելոնայից Մադրիդ են ժամանել նաեւ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության եվրոպական մասնաճյուղի փոխտնօրեն Սոնա Ատտամյանը, անդամներ Միշել Սաբահը եւ Ֆրանսուազ Գովդյանը, որոնք օր առաջ Բարսելոնայում ներկա էին գտնվել ՀԲԸՄ հովանավորությամբ եւ անմիջական օժանդակությամբ բացված «Հայ տան» շնորհանդեսին:

ՀՀ դեսպանատանը կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին քանի տասնյակ մադրիդահայեր՝ գործարարներ, մշակութային գործիչներ, իրավաբաններ, դասախոսներ, հայազգի ուսանողներ, Հայ երիտասարդների միավորումը, որն ամենայն օժանդակություն է ցուցաբերել դեսպանատան տարածքի ընտրության, վերանորոգման եւ կահավորման հարցերում:

Դեսպանատան օծման արարողությունը կատարել է Իսպանիայում եւ Պորտուգալիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ տեր Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը: Հնչել են երկու երկրների ազգային օրհներգները, որից հետո ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը շնորհավորական խոսք է ասել: