ՀՀ կառավարությունն, այսօր՝ մայիսի 5-ին, իր նիստում հավանություն տվեց Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը պայմանավորված է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»,- նման եզրակացություն է տվել ՀՀ ԱԳՆ-ն «Արցախի Հանրապետության ճանաչման մասին» օրինագծին, որը ներկայացրել էին Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը:

Պատգամավորների ներկայացրած հիմնավորման մեջ ասվում է, որ ՀՀ-ն չէր ճանաչում ԼՂՀ-ն, քանի որ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցությունները կարող են Արցախի Հանրապետության համար այլ կարգավիճակ սահմանել, առաջին հերթին նրա համաձայնությամբ։ Ադրբեջանը մերժում է հարցի ցանկացած լուծում, որը չի համընկնում նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի սահմաններին եւ Արցախի ինքնավարության սահմաններից դուրս է։ Մադրիդյան սկզբունքներն ու 2009-ին ներկայացված  նրանց թարմացված տարբերակը հակասում են ԼՂՀ Սահմանադրությանը, այսինքն՝ անընդունելի են։