Չինաստանի կառավարության ծրագրերի համաձայն, հաջորդ հինգ տարիների ընթացքում կենտրոնական կառավարական մարմինների կողմից գնված նոր ծառայողական ավտոմեքենաները պետք է էներգիայի մաքուր աղբյուրներով լինեն: Դրանք էլեկտրական մեքենաներն են, ինչպես նաեւ ջրածնով, գազով եւ բիովառելիքով աշխատող մեքենաները:

Սինխուա գործակալության փոխանցմամբ, իշխանության կենտրոնական մարմինները նպաստելու են էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների ստեղծմանը եւ դրանց լիցքավորման կայանների կառուցմանը:

Փետրվարին այդ երկրի գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Վան Գանը հաղորդել էր, որ 2015 թվականին Չինաստանն էլեկտրական մեքենաների վաճառքի առաջատար է դարձել՝ ավելի քան 370 հազար այդպիսի մեքենա իրացնելով: Նրա խոսքով, երկրում էլեկտրական մեքենաների ընդհանուր թիվը 497 հազար է:

2015 թվականի հոկտեմբերին Չինաստանի Պետական խորհրդում նշել էին, որ իշխանությունները ծրագրում են մինչեւ 2020 թվականը երկրում նոր լիցքավորման կայանների ցանց կառուցել, որը կկարողանա մինչեւ 5 մլն էլեկտրական մեքենա սպասարկել: