«Տուպոլեւ» ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող Տու-154 օդանավի կործանման պատճառները հետաքննող իրանական հանձնաժողովի որոշումը:

NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ ընկերության Մարքեթինգի եւ արտաքին կապերի բաժնի ներկայացուցիչը, որը չցանկացավ նշեց անունը, հայտարարեց, որ այս պահին իրենք ձեռնպահ են մնում մեկնաբանություններից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ օդանավի կործանման պատճառներն ուսումնասիրող իրանական հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ աղետի մեղավորները ռուսական նախագծող ընկերությունն ու անձնակազմի անդամներն են:

Իրանական Caspian Airlines ավիաընկերության Տու-154 օդանավը կործանվեց 2009 թվականի հուլիսի 16-ին, Իրանական Ղազվին քաղաքից ոչ հեռու (Թեհրանից 200 կմ հեռավորությամբ): Բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները զոհվեցին: Օդանավում 153 ուղեւոր կար, այդ թվում՝ 2 երեխա, ինչպես նաեւ անձնակազմի 15 անդամ (Հայաստանի, Իրանի եւ Վրաստանի քաղաքացիներ): Հայաստանի քաղաքացիները վեցն էին, որոնցից երկուսը՝ անձնակազմի անդամներ: Ընդհանուր առմամբ, հայկական ազգանունով 35 ուղեւոր կար: