Ազգային ժողովում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան համազեկուցողներ Ալան Միլի եւ Ջուզեպպե Գալատինի հանդիպումների շարքը Ազգային ժողովի խմբակցությունների հետ:

Համազեկուցողներն առաջին հանդիպումն ունեցել են «Ժառանգություն» խմբակցության հետ, որին մասնակցել են Թեւան Պողոսյանն ու  Ռուբիկ Հակոբյանը: Այնուհետեւ նրանք կհանդիպեն նաեւ մյուս խմբակցությունների հետ:

Մինչ այդ համազեկուցողները հանդիպում են ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Նշենք, որ համազեկուցողները Հայաստան են ժամանել դիտարկելու Սահմանադրական փոփոխություններից հետո «Ընտրական օրենսգրքի» մշակման եւ ընդունման գործընթացը: Նրանք դիտարկելու են սահմանադրական փոփոխություններից հետո Ընտրական օրենսգրքի բարեփոխումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքը: Համազեկուցողներն այդ նպատակով այսօր հանդիպելու են նաեւ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամների հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ընտրական օրենսգրքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է՝ 98 կողմ, 9 դեմ եւ 5 ձեռնպահ ձայներով: Երկրորդ ընթերցմամբ քննարկումը նախատեսված է հաջորդ քառօրյային (մայիսի 16-19):