ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 11-ին հակառակորդի կողմից մահացու վիրավորում  ստացած զինծառայող 20-ամյա Արմեն Մարտիրոսյանը Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղից էր:  NEWS.am-ի հետ զրույցում Գանձակի գյուղապետ Վանիկ Հարությունյանը նշեց, որ Արմենը տան փոքր երեխան էր, ունի երեք քույր: Արմենի հայրը Ռուսաստանի Դաշնությունում է, ասել են, որ տղան վիրավորվել է՝ գալիս է:

«Շատ լավ տղա էր, դպրոցն ավարտելուց հետո միանգամից զորակոչվել է: Նաեւ երաժշտական կրթություն ուներ, Գավառի երաժշտական քոլեջն էր ավարտել, Արեւելյան մարզաձեւ էլ էր  պարապել: Հորն ասել ենք, որ վիրավորվել է, արդեն ճանապարհին է, գալիս է»,-ասաց նա:

Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում էին, որ հակառակորդի կողմից արձակված կրակոցից մայիսի 11-ին` ժամը 20:00-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 20-ամյա Արմեն Հրայրի Մարտիրոսյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: