Ֆրեզնոյի իրավապահ մարմինները  28 մարդուց կազմված խումբ են ձերբակալել, որն ավտոմեքենաների ապահովագրության ոլորտում խարդախությամբ էր զբաղվում: Խարդախների հանցավոր խմբավորումը գլխավորել է   32-ամյա Արթուր Աշոտի Գրիգորյանը, հայտնում է Slavicsac-ը: 

Կալիֆորնիայի Ապահովագրության դեպարտամենտի մամուլի ծառայությունն այսօր հայտնում է, որ Կենտրոնական եւ Հարավային Կալիֆորնիայի մոտ տասնյակ բնակիչներ մեղադրվում են ավտոապահովագրման ոլորտում խարդախության սխեմաներ կազմակերպելու համար: 

Ձերբակալվածների թվում է Ֆրեզնոյի 32-ամյա բնակիչ Արթուր Աշոտի Գրիգորյանը, որը, ինչպես ենթադրվում, է գլխավորել է հանցավոր սինդիկատը: Հաղորդվում է, որ կասկածյալները տասնյակ հազար դոլարներ են ստացել տարբեր ապահովագրական ընկերություններից:   

«Սլավոնական Սակրամենտոն» կարողացել է պարզել, որ Գրիգորյանի հետ ձերբակալվածների մեծամասնությունը Ֆրեզնոյի հայ համայնքի ներկայացուցիչներ են: 

Հանցավոր սխեման հետեւյալ կերպ էր գործում. կԿասկածյալները կեղծ սխեմա են կազմակերպել ապահովագրողներին խաբելու վթարի հորինովի դեպքերով, որոնք երբեք տեղի չեն ունեցել եւ լիովին հորինված էին` վճարում ստանալու նպատակով:  Սխեմայի կազմակերպիչներն իրենց հանցակիցներին դրամական փոխհատուցում էին վճարում խաբեության համար: Սխեմայի կազմակերպիչները մեղադրվում են նաեւ անձնական տեղեկությունների գողության եւ հետագայում դրանք խարդախության նպատակով օգտագործելու համար:  

Երբ ապահովագրողները վճարում էին հաշիվները, կասկածյալները ստացված գումարները գրպանն էին դնում: 

Հաղորդվում է, որ ՀԴԲ-ն եւ տեղի իրավապահները հետաքննություն են սկսել բողոքի շնորհիվ, որը ստացվել է ապահովագրական ընկերություններից մեկից: 

Գործակալության ներկայացուցիչների խոսքով, կասկածյալներն անօրինականորեն ստացել են ապահովագրական պոլիսների առնվազն  26 վճարում ավելի քան   140 000 դոլար ընդհանուր գումարով: Ձերբակալվածներին տեղավորել են Ֆրեզնո քաղաքի օկրուգային բանտում: