Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տաբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու հետեւակի մարտական մեքենայից (30 արկ), 60 միլիմետրանոց ականանետերից (16 արկ) եւ հաստոցավոր ավտոմատ նռնականետերից (32 արկ) խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը:

ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու հարավարեւելյան (Հադրութ) եւ արեւելյան (Մարտունու) ուղղություններով, որի հետեւանքով հարավային ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկում մայիսի 17-ին` ժամը 00:50-ի սահմաններում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 20-ամյա Խաչատուր Վարդանի Հարությունյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին»,-ասված է հաղորդագրության մեջ: