Վիեննայի հանդիպման ժամանակ մենք համաձայնել ենք ամրապնդել կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդումը ապագայում բանակցությունները շարունակելու համար: Այս մասին ANS–ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերով բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:

«Ամենակարեւորն այն է, որ այսուհետ կրակի դադարեցման ռեժիմը պահպանվի, սադրանքներ չլինեն, ու հունիսին մենք սկսենք բանակցությունների գործընթացը»,- ասել է նա:

Մեկնաբանելով համանախագահողների հայտարարությունները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունները ընդլայնելու մասին՝ Նովրուզ Մամեդովը ասել է. «Անջեյ Կասպրշիկի լիազորություններում զգալի փոփոխություններ չեն կարող լինել: Նշվածը Մինսկի խմբի դիրքորոշումն է, մենք այս առթիվ պարտավորություն չենք ստանձնել»:

Հիշեցնենք, որ խոսքը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման մասին է՝ հենց հրադադարի ռեժիմի ամրապնդման նպատակով: Այսպիսով՝ Ադրբեջանը հայտարարում է, որ աջակցում է գործընթացին, սակայն իրականում դրան դեմ է գործում: