Վենետիկի բիենալեի 15-րդ միջազգային ճարտարապետական ցուցահանդեսում հայկական տաղավարը կրում է «Անկախ կենսապատկեր» խորագիրը: Այն տեղակայված է Վենետիկի սրտում՝ Հայկական փողոցում գտնվող Մխիթարյան Միաբանության Սուրբ Խաչ եկեղեցու գավթի տարածքում: Հայկական տաղավարը հանրությանը կներկայանա որպես Հայաստանի հետանկախության շրջանի կենսապատկերային (լանդշաֆտային) քարտեզագրման մի յուրօրինակ լաբորատորիա: Տաղավարի պաշտոնական բացումը տեղի կունենա ս. թ.  մայիսի 26-ին, ժամը 16:00-ին:

Հայկական տաղավարը կենտրոնանալու է 1991 թվականից մինչեւ մեր օրերն ընկած ժամանակահատվածի տարածական փոխակերպումների, դրանց տարբեր դրսեւորումների ուսումնասիրման ու վերամեկնաբանման գործընթացների վրա։ Վենետիկում կայանալիք 15-րդ միջազգային ճարտարապետական ցուցահանդեսի ողջ ընթացքում մի շարք տարբեր գիտակարգեր ներկայացնող հետազոտող խմբեր կփորձեն մեկնաբանել հայկական կենսապատկերի տարբեր բաղադրիչները։

Թեմատիկ ուսումնասիրությունների ընթացիկ արդյունքները կվերբեռնվեն www.independentlandscape.am եւ www.venice2016.am կայքերում, ինչն էլ անմիջապես կարտացոլվի վենետիկյան տաղավարի էկրաններին՝ կարեւորելով հընթացս կատարվող աշխատանքներն ու գործընթացը, ինչպես նաեւ վերջնական արդյունքները: 

«Այս տաղավարը գալիս է ապացուցելու, որ հենց այսօր, ամեն օր, մարդկային գործունեության արդյունքում Հայաստանում փոխվում է կենսապատկերը, որը մոտ ապագայում կարող է հավակնել վերածվելու մշակութային արժեքի եւ արժանանալու հասարակության կամ պետության հոգածությանը»,- նշում է համադրող Սարհատ Պետրոսյանն իր համադրողական տեքստում:

Այս երեւույթն առավել հատկանշական դարձավ 2000 թվականին ընդունված Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի արդյունքում, որը մարդածին միջավայրի եւ դրա դրսեւորումների կոնցեպտուալ սահմաններն էականորեն ընդարձակեց՝ համադրելով ձեռակերտ եւ բնական ժառանգության սահմանները ներկա բնապահպանական դիսկուրսի հետ։

Վենետիկի բիենալեի 15-րդ միջազգային ճարտարապետական ցուցահանդեսի Հայաստանի Հանրապետության տաղավարի հանձնակատարն է ՀՀ մշակույթի նախարարությունը, հանձին՝ Վարդան Կարապետյանի, իսկ համադրողը՝ ճարտարապետ եւ քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը:

Տաղավարն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության, «Պողոսյան» հիմնադրամի, «Ռենկո» ընկերության, ամերիկահայ բարերար Վահե Գաբրաշի աջակցության շնորհիվ՝ համագործակցելով «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի եւ  «Ուրբանլաբ Երեւան» կազմակերպության հետ։

«Թանգարանների միջազգային օրվա» շրջանակում՝   ս. թ. մայիսի 18-ին, Ե. Քոչարի անվան թանգարանում, ճարտարապետ եւ քաղաքաշինարար, համադրող Սարհատ Պետրոսյանը ներկայացրել է Վենետիկի 15-րդ միջազգային ճարտարապետական բիենալեում՝ Հայաստանի ազգային տաղավարի ցուցադրության հայեցակարգը: