Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Մելքոնյանը (նստավայրը՝ Կահիրե) նախօրեին Ադիս Աբեբայում հանդիպում է ունեցել Եթովպիայի արտաքին գործերի պետնախարար Թայե Աթսքե Սելասիի հետ։

Քննարկվել են երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները։ Երկուստեք կարեւորվել է քաղաքական երկխոսության, առեւտրատնտեսական կապերի, մշակութային փոխանակման ակտիվացումը։ Պետնախարար Թայեն բարձր է գնահատել եթովպահայ համայնքի ներդրումը երկրի հասարակական, մշակութային եւ տնտեսական կյանքում։

Դեսպան Մելքոնյանը պետնախարարի ուշադրությանն է ներկայացրել ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած աննախադեպ ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակը, քաղաքացիական բնակչության նկատմամբ իրականացված վայրագությունները, 1994թ. զինադադարի եւ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերականգնմանն ուղղված Հայաստանի եւ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերը։