Կուրթան համայնքից 21-ամյա Լիանա Շեկոյանն ու 22-ամյա Վարդ Դանիելյանը մարզից առաջին աղջիկներն են, որ ապրիլյան պատերազմի լուրն առնելուն պես այցելել են  Երկրապահ կամավորականների միության Լոռու մարզային բաժանմունք ու գրանցվել՝ Արցախ մեկնելու համար:

«Միշտ  երազել եմ զինվորական ծառայություն անցնելու մասին, բայց քանի որ աղջիկների բանակ չկա, մինչ այժմ տղաների կողքին կանգնելու հնարավորություն չէր եղել: Պատերազմի մասին իմանալով ուղղակի իմ պարտքը համարեցի գնամ, հերթագրվեմ»,- ասում է Վանաձորի պետական համալսարանի Ֆիզկուլտուրա եւ սպորտ բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Լիանան:

Երկրապահ կամավորականների միության Լոռու մարզային բաժանմունքում գրանցվելն աղջիկներին հեշտությամբ չի տրվել: Այնտեղ նախ հրաժարվել են գրանցել, ապա աղջիկների փաստարկները հաշվի առնելով, գնացել են զիջումների:

«Սկզբից չէին ուզում գրանցեն, ասում էին, որ աղջիկների կարիքը չկա այնտեղ, բայց համոզեցինք, որ ընկերուհիս Կարմիր խաչում առաջին բուժօգության դասընթացների է մասնակցել: Ես էլ կարատեով եմ զբաղվում ու ինչ-որ կերպ կարող ենք օգտակար լինել»,- պատմում է Լիանան, վստահեցնելով, որ  պատրաստ էր ամեն ինչ անել. հաց պատրաստել, ջուր հասցնել, վիրավոր զինվորներին օգնություն ցուցաբերել:

Մինչ ցուցակագրվելը Լիանան ընտանիքի անդամներին տեղյակ չի պահել մտադրության մասին: Ասում է՝ գիտեի, չեն թողնելու: Արդեն ցուցակագրվելուց հետո այդ մասին իմանալով տանը նախ զայրացել են, ապա՝ համակերպվել:

«Իմ ամեն քայլին ընտանիքիս անդամները դեմ են եղել, բայց միշտ կարողացել եմ համոզել: Դեմ էին թե կարատեի գնալուս, թե սպորտի բաժնում սովորելուս: Մտածում էին, որ այդ ամենը աղջկա գործ չի, բայց հաջողությունները նրանց համոզում են, որ կապ չունի, դու աղջիկ ես, թե՝ տղա»,- ասում է Լիանան:

Նախորդ տարի Լիանան դարձել է Հայաստանի կարատեի առաջնության հաղթող: Վստահ է, որ դա դեռ սկիզբն է նոր հաղթանակների:

Օրեր առաջ Լիանան գրանցվել է Կարմիր խաչում՝ որպես կամավոր. «Այս դեպքերից հետո որոշեցի  գրանցվեմ որպես կամավոր,  որ մասնակցեմ իրենց դասընթացներին ու եթե, Աստված չանի, կրկին կարիք լինի, ավելի պատրաստված լինեմ առաջնագիծ մեկնելու համար»: