Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արագ արձագանքել է Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունած Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձեւին։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Քենիայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում նշել է, թե վարչապետ Բինալի Յլդըրըմի հետ խորհդակցելուց հետո առաջին քայլով հետ են կանչել Բեռլինում Թուրքիայի դեսպանին։ «Բունդեսթագի որոշումը լրջորեն ազդելու է թուրք–գերմանական հարաբերությունների վրա։ Թուրքիա վերադառնալուց հետո կորոշենք մեր քայլերը»,–ասել է Էրդողանը։

Նշենք, որ հունիսի 2–ին Գերմանիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, որտեղ նշվում է, որ Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հարկադիր տեղահանության եւ ջարդերի ենթարկված հայերի եւ մյուս քրիստոնյա  փոքրամասնությունների առջեւ: Բանաձեւում նաեւ նշվում է, որ Բունդեսթագը ցավում է, որ ժամանակին Գերմանիայի կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել՝ կանգնեցնելու մարդկության դեմ հանցանքը, որի համար Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը։