Հայկական Technology and Science Dynamics (TSD) ընկերությունը Երեւանում ներկայացրել է ArmPhone սմարթֆոնների շարքը: Ընկերության գլխավոր տնօրեն Վահան Շաքարյանը լրագրողներին հայտնել է, որ հեռախոսներն ամբողջությամբ հայ մասնագետների մշակումն են: Որոշ բաղադրիչներ պատվիրում են արտերկրից, այնուհետեւ Հայաստանում հավաքում սմարթֆոնը:

Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր որոշ մասեր տեղում արտադրելու հնարավորության մասին, այդ թվում՝ պլաստմասե պատյանների: «Հայաստանում նման արտադրություն կա, բայց որակը, ցավոք, առայժմ մեզ չի բավարարում»,- նշեց Շաքարյանը:

Մեկ հերթափոխի ընթացքում ընկերությունը կարող է 500 սմարթֆոն թողարկել, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է նաեւ 3 հերթափոխով աշխատել:

Հեռախոսի միջուկն ամբողջությամբ հայկական է՝ հայկական Android, ստեղնաշար եւ զանգերի երաժշտություն:

«Հայերենով հավելվածների հեղինակներն առայժմ մեզ չեն դիմել, բայց անվճար հավելվածները պատրաստ ենք նույնպես անվճար տեղադրել: Իսկ եթե դրանք շահույթ են հետապնդում, ապա կարող ենք քննարկել համագործակցության տարբերակները»,- հայտարարեց նա:

«Հեռախոսները նախատեսում են No questions asked սխեմայով երաշխիք: Այն գործում է տեխնիկական բոլոր վնասվածքների դեպքում, եթե միայն դուք մտածած չեք նետել ձեր հեռախոսը հատակին: Բայց եթե որեւէ այլ պատճառով այն փչացել է, մենք չենք վերանորոգում: Պարզապես վերցնում ենք այն ու նորն ենք տրամադրում»,- հավելեց Շաքարյանը:

Կախված մոդելից՝ հեռախոսներն արժեն 50-ից 150 հազար դրամ (100-ից 315 դոլար):