Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը ԱՊՀ կառավարությունների ղեկավարներին հրավիրել է մասնակցելու Քոչվորների 2-րդ համաշխարհային խաղերի բացման արարողությանը, որը կկայանա սեպտեմբերին Իսսիկ Կուլ բարձրադիր լճի ափերին: Այս մասին Ժեենբեկովը հայտարարել է Բիշքեկի արվարձանում ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների նիստի բացման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սեպտեմբերին Իսսիկ Կուլի ափին կկայանան Քոչվորների երկրորդ համաշխարհային խաղերը: Մենք վստահ ենք, որ այդ խաղերի անցկացումը բարենպաստ հարթակ կտրամադրի ոչ միայն աշխարհի ժողովուրդների միջեւ մարզական մրցույթների, այլ նաեւ միջմշակութային եւ միջազգային երկխոսության համար»,- ասել է նա:

Ղրղզստանը պլանավորում է ՄԱԿ  71-րդ նստաշրջանում առաջարկել Քոչվորների համաշխարհային խաղերի մասին տեքստը ներառել «Հանուն խաղաղության միջկրոնական եւ միջմշակութային երկխոսության, փոխըմբռնման եւ համագործակցության» մասին բանաձեւում:

Ղրղզստանի վարչապետն իր ելույթում նաեւ նշել է ԱՊՀ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ առեւտրա-տնտեսական համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը: