Հռոմի Ֆրանցիսկոս պապի Հայաստան եռօրյա այցի վերջին հանգրվանը հայ-թուրքական սահմանից ոչ հեռու գտնվող հայոց նվիրական սրբավայր, ուխտատեղի Խոր Վիրապի վանքն է: Հռոմի քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հունիսի 26-ին միասնական աղոթքով հանդես կգան Խոր Վիրապի վանքում, որից հետո  Ֆրանցիսկոս պապը աղավնիներ բաց կթողնի դեպի բիբլիական լեռ Արարատ:

Այն որ, Հռոմի Ֆրանցիսկոս պապը ուխտագնացություն է համարում իր այցը Հայաստան, պատահական չէ. հայերն առաջինն էին, որ 301թվականին քրիստոնեությունն ընդունեցին, որպես պետական միակ կրոն: Հայ Եկեղեցու առաջին քահանայապետ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մինչեւ արքունիքի քրիստոնեություն ընդունելը, հանուն հավատքի սոսկալի տառապանքների միջով է անցել:

Հայոց արքա Տրդատ Երրորդը Հայաստանում քրիստոնյաներին հալածելիս Սուրբ Գրիգոր  Լուսավորչին տեւական տանջանքներից հետո նետել է Արտաշատի արքունի բանտի՝ մահվան դատապարտվածների գուբը, որը հայտնի էր «Վիրապ Արտաշատու» անվամբ: Թունավոր զեռունների հարեւանությամբ, վիրապում Գրիգոր Լուսավորիչը մնացել է գրեթե 14 տարի: Նրան կերակրել է մի այրի կին՝ ամեն օր գաղտնի մի նկանակ հաց նետելով խոր վիհի մեջ: Գրիգոր Լուսավորիչը ազատվել է վիրապից Հռիփսիմյանց կույսերի նահատակումից 9 օր անց: Ամեն տարի հունիսին նշվում է Հայ առաքելական եկեղեցու նշանավոր տոներից մեկը՝ «Ս. Գրիգոր Լուսավորչի ելն ի Վիրապեն», իսկ մարտին նշվում է «Ս. Գրիգոր Լուսավորչի մուտն ի Վիրապ»:

Յոթերորդ դարում վիրապի վրա վանք է հիմնադրվել ու միաբանություն հաստատվել: Մոտ 642-ին Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը վիրապի վրա կառուցել է Ս. Գեւորգ եկեղեցին:

Խոր Վիրապը դարեր ի վեր եղել եւ մնում է ուխտագնացության վայր: Այսօր էլ ամեն օր մարդիկ այցելում են վանք: Նրանց թվում կան նաեւ բազմաթիվ հայեր սփյուռքից եւ պարզապես զբոսաշրջիկներ: