NEWS.am-ը ուղիղ կհեռարձակի Հռոմի Ֆրանցիսկոս Պապի պատմական այցը Հայաստան: Հռոմի սրբազան քահանայապետի օդանավը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կկատարի ժամը 15.00-ին: (ֆոտոռեպորտաժ)

Եռօրյա այցի ընթացքում NEWS.am-ի տեսանկարահանող խումբը կլուսաբանի պոնտիֆիկի այցը Երեւանում, Գյումրիում, Էջմիածնում եւ Խոր Վիրապում:

Հռոմի Պապի այցը շատ հագեցած է լինելու. նա Հայաստանում կմնա մինչեւ հունիսի 26-ը: Այցի առաջին օրը Պապը կայցելի Էջմիածնի Մայր տաճար, որտեղ կաղոթի ու իր ողջույնի խոսքը կուղղի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին: Այդ օրը Երեկոյան Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կհանդիպի Հայաստանի նախագահի ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ:

Հունիսի 25-ին Հռոմի պապը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ թանգարան: Այս հուշահամալիրում 2001-ին աղոթել էր նաեւ Հովհաննես Պողոս երկրորդ պապը: Այնուհետեւ նա կայցելի Գյումրի եւ Սուրբ եւ Անմահ Պատարագ կմատուցի Վարդանանց հրապարակում: Նույն օրը երեկոյան Երեւանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն եւ Խաղաղության Աղոթք:

Հունիսի 26-ին Էջմիածնում Ֆրանցիսկոս պապը կհանդիպի եպիսկոպոսների հետ ու ներկա կգտնի Մայր տաճարում պատարագին, որը մատուցելու է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Ակնկալվում է նաեւ համատեղ հռչակագրի ստորագրում:

Կիրակի երեկոյան Հռոմի պապը կաթողի Խոր Վիրապի եկեղեցում, որտեղ ըստ ավանդույթի, 3-րդ դարի վերջին զնդանված է եղել սուրբ Գրիգոր Լուսավորիչը: