Այսօր՝ հունիսի 25-ի առավոտյան պետական այցով Հայաստանում գտնվող Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը այցելել է Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հռոմի Պապը հուշահամալիր է ժամանել Ամենայն Հայոց կաթողիկոս Գագեգին Բ-ի ուղեկցությամբ: (ֆոտոռեպորտաժ)

Կաթոլիկ եկեղեցու ղեկավարին Ծիծեռնակաբերդում դիմավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Հուշակոթող տանող ճանապարհի երկայնքով կանգնած են երեխաներ, որոնց ձեռքերում են Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների սրբապատկերը:

Լավ եղանակը թույլ է տալիս տեսնել բիբլիական Արարատ լեռը:

Հնչել է Վատիկանի պետական օրհներգը, որից հետո Սրբազան Քահանայապետն և իր պատվիրակությունը` Հայաստանի Հանրապետության Նախագահի եւ Ամենայն Հայոց Հայրապետի ուղեկցությամբ իջել են անմար կրակի մոտ:

Սրբազան Քահանայապետը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին եւ աղոթել: Հռոմի Պապը ՀՀ նախագահի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այնուհետեւ սպիտակ վարդեր է խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Ամենայն Հայոց կաթողիկոսն արտասանել է տերունական աղոթքը, որից հետո հնչել է Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված շարականը, որը հեղինակել է Գերաշնորհ Տ. Զարեհ արքեպիսկոպոս Ազնավորյանը:

Արարողության ավարտին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն անմար կրակի մոտից բացօթյա մեքենայով ուղեւորվել է Հիշողությունների պուրակ, որտեղ օրհնել եւ ջրել է իր անվամբ տնկված եղեւնին: