Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Գյումրիում այցելել է Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կրթական կենտրոն:

Ճաշի սեղանի շուրջ Հռոմի Պապը զրուցել է կենտրոնի 60 սաների հետ: Այցի ավարտին Սրբազան քահանայապետի լուսանկարվել է երեխաների, բարեգործների եւ Կենտրոնի նախկին սաների հետ, որոնք հանդիպման էին եկել իրենց զավակների հետ:

Կենտրոնի շինարարությունն սկսվել է 1996-ին, իսկ 2 տարի անց տեղի է ունեցել պաշտոնական բացումը: Կառույցն ամբողջությամբ «Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամի նվերն է:

Կենտրոնի նպատակն է հավաքել թափառող, ծնողազուրկ, նաեւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին եւ ապահովել խնամք:

Այսօր Կենտրոնն ունի 37 երեխա, որոնք գրեթե բոլորն էլ գիշերօթիկ են: Կենտրոնում դասավանդվում են կրոն, երգ, հայկական ժողովրդական պար, լեզուներ, համակարգիչ, վոկալ, ջութակ, դաշնամուր եւ այլն: Կենտրոնի նպատակն է երեխաներին տալ կրթություն: Կրթական հարցում մեծ դեր ունեն քույրերը, որոնց երեխաները համարում են երկրորդ մայր: