Հռոմի պապի համար մեծ ուրախություն է հայկական պատմության սկզբնաղբյուրի հետ շփվելը: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, Գյումրիում տեղակայված մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հռոմի պապի խոսնակ, մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդիին:

Նրա խոսքով, այսօր Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղի ունեցած Սուրբ Պատարագին մասնակցելու համար 23 հազար հրավիրատոմս է բաժանվել, աննախադեպ է եղել մարդկանց թիվը:

Լոմբարդին աննախադեպ է անվանել փաստը, որ Գյումրիի պատարագի ժամանակ Հռոմի Պապը հրավիրել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին շրջել իր «պապամոբիլով»:

«Պապը Կաթողիկոսին հրավիրեց իր պապոմոբիլով շրջել հրապարակով: Նախկինում եղել են նման դեպքերը, Պապը հրավիրում է այլոց ուղևորվել իր պապոմոբիլով: Համատեղ ուղևորությունը նշանակալի պահ էր: Ես անգամ հարցրեցի իմ կոլեգաներին Հայաստանում՝ նախատեսո՞ւմ են կաթողիկոսի համար «կաթողիկոսմոբիլ», որ այսօրինակ կարևոր առիթների ժամանակ նա շրջի»,- ասաց նա:

Մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին իր համար շատ կարեւոր է անվանել այն, որ այսօր առավոտյան Երեւանում կարողացել է տեսնել «սքանչելի» Արարատ լեռը: «Այսօր առավոտ ցնծությամբ տեսանք սքանչելի Արարատ լեռը։ Այս պատմական պահին այն նույնպես խորհրդանշական էր, ուստի, կարծում եմ, որ Գյումրիի համար սա պատմական օր էր քան երբևէ»,- ընդգծել է նա: