Երեւանի բոլոր եկեղեցիների զանգերի ղողանջի ներքո Հանրապետության հրապարակում սկսվել է Էկումենիկ արարողությունը, որին մասնակցում են Հայ առաքելական ու Հռոմեական եկեղեցիների հոգեւոր առաջնորդները: (ֆոտոռեպորտաժ)

Հոգեւոր առաջնորդները մոտեցել են հարթակին, որի ֆոնին Արարատ լեռն է։

Բազմությունից դուրս վազած փոքրիկը մոտեցել է Հռոմի Պապին եւ նրա օրհնանքը ստացել։

Հոգեւոր առաջնորդները խաղաղության աղոթք են արտասանել: Նրանց հետ միասին աղոթել են նաեւ Հայ առաքելական եկեղեցու տարբեր թեմերի ներկայացուցիչները: 

«Համերա՛շխ եղեք միմյանց հետ․ մի՛ մեծամտացեք, այլ խոնա՛րհ եղեք խոնարհների հանդեպ. դուք ձեզ իմաստունի տեղ մի՛ դրեք․ մեկի չարի փոխարեն չար մի՛ հատուցեք․ խորհեցե՛ք բարին՝ բոլոր մարդկանց առաջ․ ինչ չափով հնարավոր է ձեզ համար, բոլոր մարդկանց հետ խաղաղություն պահեցե՛ք․ ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ թու՛յլ տվեք, որ Աստծու բարկությունը կատարի այն, որովհետեւ գրված է. «Իմն է վրեժխնդրությունը եւ ես կհատուցեմ», – ասում է Տերը»,- մեջբերեց է Պատրիարքը սուրբ Պողոսի կտակարանից մի հատված, որն ուղղված է հռոմեացիներին: 

Կարճ ընդմիջումից հետո հավաքվածներին դիմեցին Ամենայն հայոց կաթողիկոսն ու Հռոմի պապը։

Արարողությունից հետո Ֆրանցիսկոս պապը զրուցեց նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Ֆրանցիսկոս պապն ու Գարեգին Բ-ն լուսանկարվել են Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների հետ։ Լքելով Հանրապետության հրապարակը՝ Հռոմի պապն օրհնեց հաշմանդամություն ունեցող անձանց, որոնք ներկա էին միջոցառմանը։