Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում  հազարավոր հավատացյալներ են հավաքվել ներկա գտնվելու այնտեղ Հռոմի Պապի աղոթակցությամբ մատուցվելիք Սուրբ Պատարագին:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Խորանը պատրաստ է, խորանի առջեւ դրված են նստարաններ, գրեթե բոլոր հյուրերը ժամանել են: մայր Աթոռի տարածքում 2 մեծ էկրան է տեղադրված, որտեղից քաղաքացիները կհետեւեն պատարագի ընթացքին:

Սպասվում է, որ Հռոմի Պապը թափորի ուղեկցությամբ Երեմյան խցերի մոտից թափորով կշարժվի դեպի Խորան:

Հիշեցնենք, որ Հռոմի Պապը Հայաստանում է գտնվում եռօրյա այցով: Այսօր նրա այցի վերջին օրն է: Պատարագից հետո Սրբազան քահանայապետը մտադիր է այցելել Խոր Վիրապի սրբավայր, որտեղ ճգնել է Գրիգոր Լուսավորիչը:

Հռոմի Պապը՝ Հայաստան այցի շրջանակներում, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ սպիտակ վարդեր խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա այցելել է Գյումրի: Հունիսի 25-ի երեկոյան Երեւանի Հանրապետության հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցությամբ տեղի է ունեցել Էկումենիկ արարողություն եւ աղոթք՝ հանուն խաղաղության: