Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր՝ հունիսի 26-ի առավոտյան տեղի է ունեցել Սուրբ Պատարագը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ եւ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մասնակցությամբ: (ֆոտոռեպորտաժ)

Պատարագը տեղի է ունեցել բաց խորանում:

Երկու եկեղեցիների քահանայապետերը եւ նրանց ուղեկցող հոգեւորականները տարածք են մտել երգեհոնի եւ շարականների ուղեկցությամբ: Նախքան Պատարագն սկսելը Գարեգին Բ կաթողիկոսն օրհնել է ներկաներին:

Դիմելով հավատացյալներին Ամենայն հայոց կաթողիկոսը եւ Հռոմի Պապը հիշեցրել են խաղաղության եւ հավատքի մեջ ապրելու անհրաժեշտությունը: Պատարագի ավարտին ցանկացողները կարող էին Գարեգին Բ-ի ձեռքից նշխար ստանալ:

Լքելով խորանը Ֆրանցիոսկոս Պապը շնորհակալություն է հայտնել եւ օրհնել բոլորին:

Ներկաները Հռոմի պապին արձագանքելն են «Viva» բացականչություններով:

Նշենք, որ Հռոմի Պապն առաջին պոնտիֆիկոսը չէ, որ մասնակցում է Սուրբ Պատարագի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: 15 տարի առաջ Հայաստանի կողմից քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ Էջմիածնում պատարագ է անցկացրել Հռոմի Հովհաննես Պողոս Պապը:

Հիշեցնենք, որ Հռոմի Պապը Հայաստանում է գտնվում եռօրյա այցով: Այսօր նրա այցի վերջին օրն է: Պատարագից հետո Սրբազան քահանայապետը մտադիր է այցելել Խոր Վիրապի սրբավայր, որտեղ ճգնել է Գրիգոր Լուսավորիչը:

Հռոմի Պապը՝ Հայաստան այցի շրջանակներում, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ սպիտակ վարդեր խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա այցելել է Գյումրի: Հունիսի 25-ի երեկոյան Երեւանի Հանրապետության հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցությամբ տեղի է ունեցել Էկումենիկ արարողություն եւ աղոթք՝ հանուն խաղաղության: