2015թ. ապրիլի 12-ին հինավուրց  ժողովրդի պատմության փայլուն էջ գրվեց, 2016 թվականի հունիսի 24-26-ին էլի գրվում են  ոսկետառ էջեր: Այս մասին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը:

Անդրադառնալով 2015թ.-ին Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Սրբազան Քահանայապետի կողմից ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի մատուցած պատարագին՝ դեսպան Մինասյանը նշել է. «Հարյուրամյակներ անց էլ հայ փոքրիկները կսերտեն իրենց ժողովրդի հազարամյա պատմության էջերը, կկարդան 2015 թվականի ապրիլի  12-ի մասին, Ֆրանցիսկոս պապի մասին և այդ անունը իրենց սրտերում կգրեն, ինչպես մենք ենք արել այսօր: Արարատին նայելիս գալիք սերունդները կշարունակեն տեսնել Խոր Վիրապը, կշարունակեն խոնարհվել Գրիգոր Լուսավորչի բերած լույսի առաջ և մտովի կպատկերացնեն Ֆրանցիսկոս պապի և Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի ձեռամբ թռած աղավնիները, կհիշեն Նոյի՝ կյանք բերող աղավնիներին ու կշարունակեն մեր ժողովրդի պատմությունն այնպես, ինչպես ժառանգություն են ստացել հազարամյակների խորքից»:

Նշենք, որ Հռոմի Պապը Հայաստանում է գտնվում եռօրյա այցով: Առաջին օրը Հռոմի Պապը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է իր դիրքորոշումը՝ 1915 թվականի դեպքերն անվանելով ցեղասպանություն:

Հունիսի 25-ին Երեւանի Հանրապետության հրապարակում Գարեգին Բ-ի եւ Հռոմի Պապի մասնակցությամբ տեղի է ունեցել էկումենիկ արարողություն եւ խաղաղության աղոթք: Նույն օրը՝ ավելի վաղ, Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Գյումրիի Վարդանանց հրապարակում մատուցեց Սուրբ պատարագ՝ լատինական ծեսով:

Այսօր նրա այցի վերջին օրն է: Պատարագից հետո Սրբազան քահանայապետը մտադիր է այցելել Խոր Վիրապի սրբավայր, որտեղ ճգնել է Գրիգոր Լուսավորիչը:

Հռոմի Պապը՝ Հայաստան այցի շրջանակներում, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ սպիտակ վարդեր խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: