Հռոմի Պապի նման արտահայտությունը ցավալի է, դա խաչակրաց մտածելակերպի դրսեւորում է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուրեդդին Ջանիքլին՝ անդրադառնալով Հռոմի Պապի կողմից Հայաստան այցի ժամանակ «ցեղասպանություն» եզրի օգտագործմանը, հաղորդում է թուրքական «Թաքսիմ» թերթը:

«Ջանիքլիի արձագանքը՝ Հռոմի Պապի խոսքերին» վերնագրով լուրի մեջ թերթը գրել է, որ նախօրեին Կիրեսուն քաղաք այցելության ժամանակ Թուրքիայի փոխվարչապետ Նուրեդդին Ջանիքլին անդրադարձել է Հռոմի Պապի՝ Հայաստան այցելության ընթացքում իր ելույթում 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն որակելուն:

«Հռոմի Պապի նման արտահայտությունը ցավալի է: Ինչպես Անգլիայի Եվրամիությունից դուրս գալու համայնապատկերի ժամանակ, քահանայապետի գործողություններում եւս կարելի է տեսնել խաչակրաց մտածելակերպի բոլոր դրսեւորումները»,-ասել է նա ու հավելել. «Հռոմի Պապի հայտարարությունն օբյեկտիվ չէ: Հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Սա բոլորը գիտեն: Հայերն էլ գիտեն: Կարճ ժամանակ առաջ Գերմանիայի խորհրդարանը նորից սրա նման մի որոշում ընդունեց: Այդ շրջանում դեպքերի ամենակենդանի վկաներից մեկն էլ Գերմանիան է: Գիտեք, դեպքերի տեղի ունեցած շրջանում օսմանցու գլխավոր շտաբի պետը գերմանացի սպա էր»:

Ջանիքլին նաեւ հավելել է, որ Հռոմի Պապի նման արտահայտության նպատակը Թուրքիային «անկյուն խցկելն է»:

«Ինչ պատճառով Թուրքիան չի ընդունվել Եվրամիություն, նույն պատճառով էլ Հռոմի Պապը նման հայտարարություն է անում: Բնականաբար լուրջ չենք ընդունում: Ընդունելն արդեն խնդրո առարկա չի կարող լինել: Նման բան չկա այս ազգի պատմության մեջ, հնարավոր էլ չէ, որ տեղի ունենար, որովհետեւ մեր հավատքը, ավանդույթներն ու սովորույթները դա ի սկզբանե մերժում են»,-հավելել է Թուրքիայի փոխվարչապետը:

Նշենք, որ հունիսի 24-ին, ՀՀ նախագահի նստավայրում իր ելույթում Հռոմի Ֆրանցիսկոս Պապը վերահստըատել է իր դիրքորոշումը՝ 1915 թվականի դեպքերը կոչելով ցեղասպանություն:

Հատկանշական է, որ Հռոմի Պապի կողմից «ցեղասպանություն» եզրի օգտագործման ֆոնին Թուրքիայում նորից հիշել են Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված բանաձեւը, որը պաշտոնական Անկարային հանգիստ չի տալիս: