Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Հայաստան կատարած իր եռօրյա այցի շրջանակներում այցելել է Խոր Վիրապ վանական համալիր: Հռոմի Պապին դիմավորել են բազմաթիվ հավատացյալներ:

Հռոմի Պապը այստեղ կծանոթանա վանական համալիրին, որը Հայաստանի մկրտության խորհրդանիշն է: Նա զրուցել է վանական համալիրի հոգեւորականների հետ:

NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ վանք տանող ճանապարհի մի մասը փակ է, հավատացյալները ոտքով անցել են ճանապարհի փակ մասը, այն հույսով, որ կկարողանան մոտենալ Հռոմի Պապին եւ նրա օրհնությունը ստանալ: Քաղաքացիները վանքի մոտ են սկսել հավաքվել արարողությունից երկու ժամ առաջ:

Նշենք, որ  Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն աղավնիներ բաց կթողնեն Արարատ լեռան եւ հայ-թուրքական փակ սահմանի ուղղությամբ՝ որպես խաղաղության ուղերձ: Այնուհետեւ Հռոմի պապը կմեկնի Հռոմ:

Խոր Վիրապի վանքը գտնվում է հայ-թուրքական սահմանին եւ այստեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը:

Ըստ Ագաթանգեղոսի` Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Խոր Վիրապում գտնվող Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Լուսավորչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է իբրև պետական կրոն։

Հինգերորդ դարում վիրապի վրա վանք է հիմնվում։

 13-րդ դարից սկսած Խոր Վիրապը բացի կարևոր սրբատեղի լինելուց, դարձել է կրթության և գիտության համահայկական կենտրոն: