Պապի այցին ոստիկանության ստորաբաժանումները լիարժեք ու պատվով կատարեցին խնդիրը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Նա մասնավորապես, նշել է.

«Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ուխտագնացությունը Հայաստան պատմական իրադարձություն էր մեր երկրի եւ ժողովրդի համար: Երեք օր ողջ աշխարհի ուշադրությունը բեւեռված էր աշխարհում առաջինը քրիստոնեությունը պետականորեն ընդունած Հայաստանի վրա: Երեք օր արվեց առավելագույնը՝ պապական այցի պատմական ոգին եւ քրիստոնեական շունչը լիասիրտ առնելու եւ աշխարհին վերադարձնելու համար: Ամեն ինչ արվեց մեր ժողովրդի, պետական ինստիտուտների, այն ծառայությունների կողմից, որոնք կոչված էին պահպանելու հասարակական կարգն ու անվտանգությունը:

Այդ ծառայությունների թվում մեծ պատասխանատվություն էր դրված ՀՀ ոստիկանության վրա, եւ հանրապետության մայրաքաղաքում, Գյումրիում, Էջմիածնում, այլ վայրերում արձանագրային արտակարգ ծառայություն իրականացնող մեր ստորաբաժանումները լիարժեք ու պատվով կատարեցին խնդիրը:

Շնորհակալություն եմ հայտնում ոստիկանության բոլոր այն ծառայողներին, որոնք պրոֆեսիոնալ կատարեցին իրենց պարտականությունները Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցելության օրերին՝ կրկին հավաստելով ապահով ու քաղաքակիրթ Հայաստանի իրողությունը:

Շնորհակալություն մեր քաղաքացիներին՝ բոլոր միջոցառումները իրենցը համարելու, ցանկացած իրավիճակի ըմբռնումով մոտենալու եւ ծառայություն կատարող ոստիկաններին աջակցելու համար:

Ուրախալի է, որ նման կարեւորագույն իրադարձությունների ժամանակ ոստիկանության ու հանրության փոխըմբռնման եւ գործընկերության ավանդույթ է ձեւավորվում, որը պետք է դառնա մեր ազգային նկարագրի մասը:

Աստված մեզ պահապան»: