Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը առաջին քրիստոնյա երկիր կատարած եռօրյա այցից հետո ասել է, որ երջանիկ է Հայաստան այցելելու համար:

«Ես երջանիկ եմ, որ եղա Հայաստանում, առաջին երկիրը, որը քրիստոնեությունն ընդունել է որպես իր կրոն: Եվ ես շնորհակալ եմ բոլորին ընդունելության համար»,- ասված է Պոնտիֆիկոսի Twitter-ի էջում: Գրառումը կաաարվել է օդանավակայանից նրա օդանավի մեկնելուց մի քանի րոպե անց:

Հիշեցնենք, որ Հռոմի Պապի այցելությունն ավարտվեց այսօր՝ հունիսի 26-ին: Հռոմի պապի հայաստանյան այցը չափազանց հագեցած էր։ Երեք օրում կայացան հանդիպումներ պատարագներ, պապին ընդունեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Ֆրանցիսկոս պապն այցելեց Ծիծեռնակաբերդ եւ վարդեր դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի Անմար կրակի մոտ, այցելեց Գյումրի՝ Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքը։

Ֆրանցիսկոս պապն ու Ամենայն հայոց կաթողիկոսը էկումենիկ արարողություն մատուցեցին Երեւանի Հանրապետության հրապարակում։

Այցի վերջին օրը պապը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց կիրակնօրյա պատարագի, որը մատուցեց Գարեգին Բ կաթողիկոսը։

Պապը նաեւ այցելեց Խոր Վիրապի վանք, որտեղ 15 տարի պահվել է Գրիգոր Լուսավորիչը։