Հունիսի 24-25-ը Հռոմի Պապի Հայաստանի Հանրապետություն կատարած այցի ընթացքում ՀՀ Ոստիկանությունն իրականացրեց աննախադեպ ոստիկանական հարձակումներ ՀՀ քաղաքացիների նկատմամբ, որոնք ուղեկցվեցին ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր նորմերի կոպիտ խախտումներով։ Այս մասին հայտարարություն է տարածել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորի գրասենյակը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Առանց որեւէ օրինական պահանջներ ներկայացնելու՝ օրը ցերեկով Գյումրի քաղաքից առեւանգեցին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի 17-ամյա որդուն՝ Շահեն Հարությունյանին, որը պատրաստվում էր Հռոմի Պապի այցի ժամանակ հայտարարության տեքստ փոխանցել Պապին՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական բանտարկյալների խնդիրների մասին։

Երեւան քաղաքում Հիմնադիր Խորհրդարանի գրասենյակի մոտից,  առանց որեւէ իրավական հիմքերի, օրվա տարբեր ժամերին ոստիկանների կողմից բերման են ենթարկվել ընդդիմադիր այդ քաղաքական ուժի ներկայացուցիչներ Վահրամ Պետրոսյանը,  Փայլակ Թեւանյանը, Արամ Մանուկյանը,  Գագիկ Եղիազարյանը, Տիգրան Մանուկյանը, Ռազմիկ Մանուկյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Էլմոն Եղնուկյանը, եւ Միքայել Նազարյանը,  որոնցից մի քանիսին հարվածներ են հասցրել բերման ենթարկելու ընթացքում։

Երեւան քաղաքի փողոցներից մեկում, առանց որեւէ հիմնավորման, բերման է ենթարկվել Տիգրան Մազմանյանը, որն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ Շահեն Հարությունյանի դեպքի մասին ՀՀ Ոստիկանությանը հաղորդում տալու մտադրության մասին։ Երեւան քաղաքի Աբովյան փողոցից բերման են ենթարկվել Ներսես Գեւորգյանը, Սեւակ Մանուկյանը եւ Հովհաննես Ղազարյանը:

Վերը նշված բոլոր ապօրինությունները ոստիկանության կողմից կազմակերպված հանցավոր խմբավորմանը բնորոշ գործելակերպ են. օրը ցերեկով ՀՀ քաղաքացիների առեւանգում՝ թույլ չտալով նրանց՝ իրենց խոսքը, տեսակետը հասցնելու  Հռոմի Պապին։

Սա ակնհայտ բռնապետական պետությանը բնորոշ գործելակերպ է, եւ կարծում ենք՝ Հռոմի Պապի այցը էապես խամրեց,  երբ նրան դիմավորողների մի մասին ապօրինաբար ազատազրկում են՝ խոչընդոտելով նրանց ներկայությունը եւ մասնակցությունը  Հռոմի Պապի հանրային հանդիպումներին։

Դատապարտելով ոստիկանության կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ կազմակերպված հանցավոր գործողությունները՝ միաժամանակ Հռոմի Պապի եւ նրան ուղեկցող Վատիկանի պաշտոնատար անձանց ուշադրությունն ենք հրավիրում իրենց դիմավորող Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ իրականացված աղաղակող ապօրինությունների նկատմամբ՝ համոզմունք ունենալով, որ կլինի համապատասխան արձագանք եւ գնահատական։