Բենեդիկտոսը երկրորդ Հռոմի Պապը չէ, այլ Պատվավոր Պապ, որը հրաժարվել է իր դասից եւ Եկեղեցուն օգնում է աղոթքներով։ Այս մասին Հայաստանից Հռոմ  մեկնելիս լրագրողներին ասել է Ֆրանցիսկոս Պապը՝ անդրադառնալով Բենեդիկտոս Պատվավոր Պապի դերին։

«Կա Պապ եւ Պատվավոր Պապ, ստացվում է, որ 2 Պա՞պ կա»,– հարցրել են նրան։

«Կար ժամանակ, երբ Եկեղեցին 3 Պապ ուներ»,– ասել է Պոնտիֆիկոսը եւ ծիծաղելով հավելել, որ Բենեդիկտոսը երկրորդ Հռոմի Պապը չէ, այլ Պատվավոր Պապ, որը հրաժարվել է իր դասից եւ Եկեղեցուն օգնում է աղոթքներով։ Ֆրանցիսկոսի խոսքով՝ նա բազմիցս հանդիպել է Բենեդիկտոսի հետ վանքում, որտեղ նա հիմա գտնվում է, եւ խոսել է նրան հետ հեռախոսով։ Վերջերս Բենեդիկտոսը նամակ էր գրել, որում նրան հաջողություն էր մաղթել այս այցելության ժամանակ։

«Մի անգամ, ոչ մի անգամ չէ, շատ անգամներ ես ասել եմ, որ դա մեծ օրհնություն է, երբ տանն իմաստուն պապ ունես։ Ես նրան էլ եմ ասել, եւ  նա ծիծաղել է։ Ինձ համար նա Պատվավոր Պապ է։ Նա իմաստուն պապիկ է, մարդ, որն իր աղոթքներով պաշտպանում է ինձ»,– ասել է Ֆրանցիսկոսը։

«Ես երբեք չեմ մոռանա ճառը, որը  նա կարդաց փետրվարի 28-ին կարդինալիների առաջ։ «Ես վստահ եմ, որ ձեզնից մեկը կլինի իմ հաջորդը»։ Եվ նա իր խոսքի տերն եղավ»,– ասել է Ֆրանցիսկոսը՝ հավելելով, որ լսել է, թե իբր ինչ–որ մեկը Բենեդիկտոսին փորձել է բողոքել նոր Պապից, եւ Բենեդիկտոսը նրան վռնդել է բավարական ձեւով։ Ֆրանցիսկոսը նշել է, թե չգիտի՝ իրականում նման բանը Բենեդիկտոսի ոճով է, թե ոչ։

Պապի խոսքով՝ ինքը մի անգամ Բենեդիկտոսին շնորհակալություն է հայտնել այն  բանի համար, որ վերջինս բացել է Պատվավոր Պապերի ճանապարհը։ Դեռ 70 տարի առաջ Պատվավոր հոգեւորականներ չկային, բայց այսօր ամեն բան փոխվել է։ «Կյանքի տեւողությունն այսօր աճում է, բայց կարո՞ղ է տարեց մարդը ղեկավարել Եկեղեցին հիվանդություններով եւ խնդիրներով։ Բենեդիկտոսը խիզախաբար, աղոթքներով, գիտությամբ եւ աստվածաբանությամբ զինված, որոշել է բացել այդ դուռը, եւ ես հավատում եմ, որ դա կլինի ի բարօրություն եկեղեցու»,– նշել է Պապը։

«Բայց կա միայն մեկ Պապ, իսկ երկրորդը... միգուցե, նրանք լինեն Պատվավոր եպիսկոպոսներ, ես չեմ ասում, որ նրանք կարող են շատ լինել, բայց բացառված չէ, որ կարող է լինել 2–3 Պատվավոր Պապ»,– նշել է Ֆրանցիսկոսը։

Նա նաեւ հիշեցրել է, որ մոտ ապագայում նեղ շրջանակով կնշվի Բենեդիկտոսի սուրբ ձեռնադրման 65-ամյակը