Այս պահին Ազգային ժողովի դիմաց «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամները ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ Ռուսաստանի հետ համատեղ Հակաօդային պաշտպանության համաձայնագրի, որն ընդգրկված է ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում:

«Նախորդ նիստի ժամանակ համաձայնագիրը չվավերացվեց, որից հետո Սերժ Սարգսյանը գնաց Պետերբուրգ: Վստահ եղեք, որ այնտեղ ավելի շատ այս թեմայով են խոսել, քան Ղարաբաղի խնդրի կարգավորման: Այս համաձայնագրով պատերազմի ժամանակ դու չես կարող որոշում ընդունել, կարող ես կայացնել որոշում միայն խաղաղ պայմաններում: ՀՕՊ ուժերը կարող ես օգտագործել միայն խաղաղ պայմաններում, պատերազմի ժամանակ Ռուսաստանը պետք է որոշի, թե քո ՀՕՊ պաշտպանի  քո շահերը, թե ոչ»,- ասաց ակցիայի կազմակերպիչ ակտիվիստ Դավիթ Սանասարյանը:

Նա նշեց, որ իրենք պահանջում են չվավերացնել այս համաձայնագիրը. «Սա մեր ինքնիշխանության վերջին ատրիբուտն է, եթե վավերացնենք, ուղղակի կորցնում ենք մեր վերջին հույսը, որ երկրում կարող ենք մեր իրավունքները իրացնել»:

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ականները պնդում են, որ Հայաստանի ռազմական ղեկավարությունն է բոլոր դեպքերում որոշում կայացնողը, Սանասարյանն արձագանքեց. «Հանրապետականները չունեն այդքան ողնաշար, որ նման պնդում անեն»:

Նշենք, որ հունիսի 3-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է 2015թ. դեկտեմբերին ստորագրված «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Այն դրական եզրակացությամբ ընդգրկվել է ԱԺ նիստերի օրակարգում՝ վավերացման համար:

Այս համաձայնագիրը հակազդեցություն է առաջացրել որոշակի քաղաքական ու քաղաքացիական շրջանակների կողմից, որոնք նշում են, որ սրանով Հայաստանը Ռուսաստանին է զիջում նաեւ իր օդային տարածքն ու անվտանգությունը: Նշվում է, որ ըստ այդ համաձայնագրի` ստեղծվելու է Հայկական հակաօդային պաշտպանությունը կարգավորող մի մարմին, որը կառավարվելու է Ռուսաստանի կողմից: