Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցը ունի համաքրիստոնեական նշանակություն, քանի որ դա այց է առաջին քրիստոնեական երկիր: Այդ մասին ասել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը գերմանական Die Tagespost թերթին տված հարցազրույցում։

«Այն խանդավառությունը, որով հայ ժողովուրդը սպասում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցին, պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ անցյալ տարի ապրիլի 12-ին՝ Սբ. Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված պատարագ ընթացքում, Կաթոլիկ առաջնորդը կիսեց հայ ժողովրդի ցավը՝ կոչ անելով Թուրքիային առերեսվելու իր պատմությանը եւ իր հարգանքը մատուցելու Հայոց ցեղասպանության ժառանգներին:

Այս այցը նաեւ առիթ է մեր ողջ ժողովրդի համար, Հայաստանում եւ Սփյուռքում, մեր երախտագիտությունը հայտնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ Հայոց ցեղասպանության հարցում իր ունեցած սկզբունքային դիրքորոշման համար, որը դրսեւորվել էր նախքան նրա՝ Հռոմի Պապ ընտրվելը»,- ասել է Քոչարյանը:

«Միաժամանակ, օգտվելով ընձեռնված հնարավորությունից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչած բոլոր երկրներին, եւ, մասնավորապես, Ավստրիային, որի խորհրդարանը 2015թ. ապրիլի 22-ին՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ, համապատասխան բանաձեւով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»,- նշել է փոխնախարարը:

Հարցին, թե կարո՞ղ է արդյոք Հռոմի Պապը, ով նաեւ սեպտեմբերին այցելելու է Վրաստան եւ Ադրբեջան, նպաստել հարեւան երկրների միջեւ հաշտեցմանը, նա պատասխանել է. «Որքան էլ որ ադրբեջանական կողմը քայլեր է ձեռնարկում ղարաբաղյան հակամարտությանը եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների սրմանը տալ կրոնական բնույթ, դա այդպես չէ. դրա էության հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ինքնորոշման իրացման հայտը՝ տնօրինելու իր ճակատագիրը եւ ապագան, եւ Ադրբեջանի պատասխանը՝ արտահայտված բռնություններով, էթնիկ զտումներով եւ լայնամասշտաբ պատերազմով:

Հավատում ենք, որ Հռոմի Պապի այցը Հայաստան, իսկ ավելի ուշ՝ սեպտեմբերին, Վրաստան եւ Ադրբեջան, հանդուրժողականության եւ խաղաղության խորհուրդ է բերելու ողջ տարածաշրջան»: