Գյումրիում մատուցած սուրբ պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապի կրած հագուստի վրա հայկական մանրանկարներ են եղել: Մանրանկարները արված են եղել Հայաստանում՝ «Տերյան» մշակութային կոնտրոնում:

«Թիկնոցի վրա հայկական ծաղկած խաչն էր ու մանրանկարչությունից վերցրած նախշեր:  Հագուստի մեջ իր անվան առաջին տառերը կային՝ «Ֆ» եւ «Բ»: Վերնաշապիկը, որ կրում էր, սպիտակ էր, ասեղնագործած ցորենի հասկերով, որը պտղաբերության, առատության,  մաքրության սիմվոլ է: Հագուստի երկրորդ շերտի կտորը բերվել էր Վատիկանից, ոսկեթել էր ու բնական մետաքս: Երկրորդի վրա ոսկեթել ասեղնագործություն էր արվել թեթեւ օխրաների մեջ»,- NEWS.am-ին ներկայացրեց կենտրոնի գործադիր տնօրեն Լիլիթ Մելիքյանը:

Ֆրանցիսկոս պապի կրած խույրի վրա նույնպես հայկական ասեղնագործություն է արված եղել:

«Մանրաշող եւ ոսկեթել ասեղնագործությամբ հայկական զարդանախշեր էին»,- նշեց տնօրենը:

Կենտրոնում ասում են՝ գլխավոր պայմանն այն է եղել, որ արված աստեղնագործությունը համեստ լինի: Իրենց ունցած գաղափարները ներկայացրել են Հայ կաթոլիկ եկեղեցուն, ստացել հավանություն եւ 12 օրում վերջնական տեսքի բերել հագուստը:

«Հագուստում ոչ մի պճնանք չկա, շատ համեստ էր: Ասեղնագործոությունը շատ զուսպ թելերի գույներով է արված, որովհետեւ Հռոմի պապը, մեզ նախապես զգուշացրին, որ  չափազանց համեստ անձնավորություն է եւ ոչ մի պճնանք չի սիրում»,- նշեց Լիլիթ Մելիքյանը: 

Աշխատանքի գլխավոր նպատակը հայկական տառի եւ ծաղկած խաչի ցուցադրումն է եղել հագուստի վրա: Հռոմի պապը հավանել է այն, թե ոչ, հասկացել են, երբ պատարագի ժամանակ նրան այդ հագուստով են տեսել:

«Մեզ զգուշացրել էին, որ եթե դուրը չգա, չի հագնելու, ու բոլորով Գյումրիի հրապարկում  սպասում էինք՝ հանգել է, թե ոչ: Այն, որ հագել էր, արդեն իսկ ամեն ինչ ասում էր մեզ»,- նշեց կենտրոնի տնօրենը:

Նշենք, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստանում էր եռօրյա այցով: Նա իր այցի երկրորդ օրն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, այնտեղից էլ՝ Գյումրի, որտեղ սուրբ պատարագ մատուցեց Վարդանանց հրապարակում: Նույն օրը երեկոյան Երեւանում՝ հանրապետության հրապարակում, կաթոլիկների հովվապետը խաղաղության աղոթք մատուցեց: Նա երրորդ օրը Մայր Աթոռում աղոթակցեց որին սուրբ օծություն տեր տեր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատուցած պատարագին, այցելեց Խոր Վիրապ ու մեկնեց Հայաստանից: