ElectricYerevan-ը լուրջ միջոցառում չհամարենք, բայց իրադարձություն էր Հայաստանի կյանքում: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, «ElectricYerevan-ի ֆենոմենը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է սոցիոլոգ Վարդան Հարությունյանը:

Վեիջինս շեշտեց, որ արդյունքի հասնելու համար պետք է համագործակցեն քաղաքական ու քաղաքացիական կազմակերպությունները, մինչդեռ հետագայում պարզվեց, որ սահմանափակումներ կային այդ շարժման ժամանակ: Նա հիշեցրեց, որ 2008 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ նախագահի թեկնածու Լեւոն -Տեր Պետրոսյանի գլխավորած շարժմանը մասնակցում էին Հայաստանի հասարակական կազմակերպությունների 60-70 տոկոսը:

«Մենք պետք է հասկանանք, որ իրար հետ համագործակցելով կարող ենք խնդիրներ լուծել, երկուսն էլ չեն կարող առանց միմյանց խնդիրները լուծել. քաղաքացիական հասարակությունը, կուսակցությունները եւ իրավագիտակից ժողովուրդը, բոլորը միասին»,-ասաց Հարությունյանը` շեշտելով, որ ElectricYerevan-ը ֆենոմեն չէ, գեղեցիկ դեպք էր, բայց միակը չէր:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսին Երեւանում հզոր քաղաքացիական շարժում սկսվեց ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման: Շուջ մեկ ամիս շարունակվող շուրջօրյա ակցիաների արդյունքում իշխանությունները որոշեցին 6,93 դրամի չափով իրենց վրա վերցնել սակագնի բարձրացման բեռը: