Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով դատավոր Հարություն Մովսիսյանը մերժել է Ռուսաստանի Դաշնության դեմ  հայցը։ Որոշումը հրապարակվել է հունիսի 30-ին։ Հատկանշական է, որ դատարանը մեկ ամիս ուսումնասիրում էր տուժած կողմի ներկայացուցիչների միջնորդությունը։

NEWS.am–ի խնդրանքով մեկնաբանելով դատարանի որոշումը՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը նշեց, որ այդ որոշումը օրենքի կոպիտ խախտում է։ Փաստաբանը ժամանակ է խնդրել դատավոր Հարություն Մովսիսյանի ինքնաբացարկի միջնորդության նախապատրաստման համար։

Մայիսի 27-ին կայացած դատական նիստում քաղաքացիական հայցի միջնորդություն էր ներկայացվել: Պատասխանող կողմը Ռուսաստանի Դաշնությունն է: Հայցի չափը գնահատվում է ընտանիքի չափահաս անդամներից յուրաքանչյուրի համար 50 հազար եվրո եւ 100 հազարական եվրո՝ երեխաներ Հասմիկ եւ Սերյոժա Ավետիսյանների համար: Ծանոթանալով կողմերի կարծիքներին՝ դատավորը հայտարարել էր, որ հաշվի առնելով, որ հայցը ներկայացված է հայերեն, այն անհրաժեշտ է թարգմանել եւ ուղարկել հասցեով, ինչը ժամանակ է պահանջում, դատավարությունը հետաձգվել էր մինչեւ հունիսի 30-ը։