Հոկտեմբերի 7-9-ը Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը եւ Հոլանդիայի հայոց հոգեւոր հովվությունը, Հայկական տպագրության հիմնադրման 500-ամյա հոբելյանին, Սուրբ Էջմիածնում կազմակերպել են գիտաժողով: Այն նվիրված է Ամստերդամի «Սուրբ Էջմիածին եւ Սուրբ Սարգիս Զորավար» հայկական տպարանի հիմնադրմանը (1660 թ.) եւ գործունեությանը: Գիտաժողովի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, ժամը 1100-ին, Հին ճեմարանի դահլիճում:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ գիտաժողովին կմասնակցեն եւ զեկուցումով հանդես կգան Մայր Աթոռի միաբաններ, ինչպես նաեւ Հայաստանի եւ արտերկրի տարբեր գիտակրթական հաստատությունների 18 գիտաշխատողներ:

Գիտաժողովի առիթով հոկտեմբերի 9-ին Մաշտոցյան Մատենադարանում կբացվի Ամստերդամում տպագրված հայ հնատիպ գրքերի եւ այնտեղ գրված հայերեն ձեռագրերի ցուցահանդես` «Սուրբ Էջմիածնի լույսն Ամստերդամի հայոց տպարանից» խորագրով:

Նույն օրը գիտաժողովի մասնակիցները կմեկնեն Ուշիի Սբ. Սարգիս եկեղեցի, որտեղ կկատարվի հոգեհանգստյան պաշտոն հայ տպագրիչների հոգիների հանգստության համար: Երեկոյան, Կամերային ազգային երաժշտության տանը, մասնակցությամբ Հայաստանի կամերային նվագախմբի, տեղի կունենա դասական երաժշտության համերգ: