Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ին, կաթոլիկ եպիսկոպոսներին, ինչպես նաեւ Հայաստանի ժողովրդին իրեն՝ որպես ուխտավորի ընդունելու համար։

Հռոմում Սուրբ Պետրոսի հրապարակում իր ելույթի մեջ Պապն անդրադարձել է Հայաստան կատարած իր այցելությանը, փոխանցում է Վատիկանի ռադիոն։ «Անցյալ հանգստյան օրերին ես հովվապետական այց կատարեցի Հայաստան, առաջին երկիր, որը քրիստոնեություն էր ընդունել, այցելեցի ժողովուրդին, որը հավատարիմ է մնացել հավատին՝ չնայած մեծ փորձություններին»,– նշել է պոնտիֆիկոսը։

Ֆրանցիսկոս Պապը հավելել է, որ նա նաեւ այցելելու է Վրաստան եւ Ադրբեջան, որտեղ աջակցություն է հայտնելու բոլորի նկատմամբ հարգանք դրսեւորելու ոգով խաղաղության եւ հաշտության ջանքերին։

«Հայ առաքելական եկեղեցու կողմից ինձ ցուցաբերած ընդունելության եւ եղբայրության համար երախտագիտությամբ Կույս Մարիամին խնդրում եմ ուժ տալ ամբողջ աշխարհի քրիստոնյաներին»,– նշել է պոնտիֆիկոսը։