ԱՄՆ տրանսպորտի  նախարարությունը սկսել է Tesla ընկերության ինքնակառավարվող մեքենայով երթեւեկող վարորդի մահվան գործով հետաքննությունը, որը կարող է հանգեցնել 25 հազար նման մեքենայի հետկանչի, հայտնում է Reuters–ը։

Tesla–ն իր հերթին հայտնել է, որ ԱՄՆ–ում մահացու ելքով վթարներ մեկուկես անգամ ավելի շատ են տեղի ունենում, քան ինքնակառավարվող մեքենաների դեպքում։ Ավտոպիլոտի ռեժիմով շարժվող Model S մեքենան բախվել էր առջեւից գնացող բեռնատարին այն պահին, երբ վերջինս ձախ շրջադարձ էր անում։ Tesla–ի վարորդը մահացել է։ Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 7-ին եւ դարձել է ինքնակառավարվող մեքենայի մասնակցությամբ մահացու ելքով առաջին ավտովթարը։

Քննիչները պետք է պարզեն, թե արդյոք ավտովթարի պատճառը մեքենայի կառավարման աշխատանքի եւ կոնստրուկցիայի մեջ է։

«Ավտոպիլոտի ռեժիմով մեքենաները մինչ այս պահը ընդհանուր առմամբ 130 մլն  մղոն (ավելի քան 200 մլն կմ) ճանապարհ են անցել, եւ սա առաջին մահացու ելքով ատովթարն է այդ ընթացքում։ ԱՄՆ–ում մահացու ելքով ավտովթարներ տեղի են ունենում միջինում յուրաքանչյուր 94 մլն մղոնի վրա»,– հայտարարել է Tesla–ն։