Գերմանական BMW ավտոարտադրողը միավորվել է ամերիկյան Intel Corp.-ի եւ տեսահամակարգեր մշակող Mobileye ընկերության հետ՝ ինքնակառավարման նոր տեխնոլոգիա մշակելու համար, որը թույլ կտա այն ավտոմեքենաներում ներդնել մինչեւ 2021 թվականը: Միավորվելու որոշման մասին ընկերությունը հայտարարել է հուլիսի 1-ին կայացած ասուլիսում: Այս մասին գրում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Ընկերությունները հայտարարել են, որ նոր տեխնոլոգիան հասանելի կլինի մի քանի ավտոարտադրողների համար: Նրանք ակնկալում են, որ արդիականացված ավտոմեքենաները սերիական արտադրության մեջ կմտնեն մինչեւ 2021 թվականը:

Միաժամանակ, BMW-ի ղեկավար Հարալդ Կրյուգերը հաղորդել է, որ առայժմ վաղ է խոսել այն մասին, թե որ ավտոարտադրողները կմիանան ալյանսին:

Հունիսի 30-ին Bloomberg-ի աղբյուրները հաղորդել էին, որ Intel Corp.-ը եւ Mobileye-ն զբաղվելու են BMW-ի համար ինքնակառավարման տեխնոլոգիայի մշակմամբ: