Հռոմի Պապի այցը հայաստան խաղաղության այց էր, խաղաղ համակեցություն քարոզող այց էր: Այս մասին արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, Հռոմի Պապի այցը եւ կրոնական էր, եւ միջպետական: «Ինչպես հայտնի է Վատիկանը կաթոլիկ աշխարհի կենտրոնն է, իսկ Հռոմի Պապը պետության գլուխն է: Նա Հայաստան է այցելել իմ եւ Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով: Ինքնին փաստը, որ Պապն այս տարի այցելեց Հայաստան, շատ կարեւոր նշանակություն ունի, բայց էությունն ու բովանդակությունն են չափազանց արժեւորում Պապի այցելությունը: Նա իր այցն անվանեց ուխտագնացություն աշխարհի առաջին քրիստոնյա երկիր: Սա մեծ ազդակ էր կաթոլիկ աշխարհին եւ տնտեսական առումով, իհարկե, նաեւ քաղաքական առումով:

Երբ զրուցում ենք սրբազան քահանայապետի հետ, ես ասացի՝ Ձերդ Սրբություն, արդեն 1715 տարի է ինքներս գիտենք, որ աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած երկիրն ենք, բայց Ձեր այցով եւ Ձեր շուրթերից հնչած բառերով ամբողջ աշխարհն այդ մասին իմացավ: Դա չափազանց կարեւոր էր, կարեւոր էր նաեւ այն առումով, որ Պապի հիմնական ուղերձները ուղերձներ էին խաղաղության, միջկրոնական համերաշխության եւ հանդարտության: Կարծում եմ, որ մեր տարածաշրջանի բոլոր երկրները այդ ուղերձները պետք է ընդունեն եւ պատրաստ լինեն իրականացնել»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Նա կարծիք է հայտնել, որ Կովկասի տարածաշրջանն լինելով միգուցե ոչ այդքան ընդարձակ աշխարհագրական առումով, այդուհանդերձ էական ազդեցություն ունի ավելի մեծ մեր տարածաշրջանի վրա: «Այն հակամարտությունները, որ գոյություն ունեն մեր տարածաշրջանում, ի վիճակի են մեծանալու, ահագնանալու եւ սպառնալիք դառնալու Եվրոպայի անվտանգության համար, Ռուսաստանի համար, նաեւ դեպի Արեւելք:

Այն ջանքերը, որ գործադրում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, ԵՄ-ն՝ ի դեմս Ֆրանսիայի, շատ կարեւոր ջանքեր են: Պապը, կարծում եմ, իր այցով, իր ուղերձներով համալրում է այս ջանքերը: Նրա այցը Հայաստան խաղաղության այց էր, խաղաղ համակեցություն քարոզող այց էր, հանդուրժողականության քարոզող այց էր»,-ասել է ՀՀ նախագահը:

Անդրադառնալով Պապի կողմից «ցեղասպանություն» բառի արտաբերմանը, Սերժ Սարգսյանն ասել է. «Ոչ միայն Պապին, թուրքերը ջղային են արձագանքում բոլոր այն երկրների գործողություններին, որոնք ուղղված են Ցեղասպանության ճանաչմանը: Դրանում զարմանալի բան չկա: Շատերը տարակուսանք են հայտնում, թե ինչու Պապը շեշտեց այդ հանգամանքը եւ արտաբերեց Ցեղասպանություն բառը: Բայց եթե քաղաքական կամ հոգեւոր գործիչը, կամ ընդհանրապես մարդը, որն ունի պատկերացումներն իրերի եւ իրադարձությունների վերաբերյալ, ապա ինչու ինչ-որ դեպքերում դրանք պետք է պահի, չասի:

Առավել եւս նախորդ տարի Վատիկանում տեղի ունեցած պատարագից ընդամենը շաբաթներ անց որոշ մարդիկ սկսեցին շահարկել, որ իբր թե Պապը փոխել է իր վերաբերմունքը եւ Ցեղասպանություն բառը չի արտաբերի: Կարծում եմ՝ Պապը այն մարդկանց թվին չի պատկանում, որոնք ջղային արձագանքների ներքո կամ ճնշումների պարագայում կարող են փոխել իրենց համոզմունքը: Նա դեռեւս հոգեւոր առաջնորդ էր Արգենտինայում, երբ բազմաթիվ անգամ «ցեղասպանություն» է ասել, ով շփվել է բազմաթիվ մարդկանց հետ, որոնք մազապուրծ են եղել ցեղասպանությունից, կամ նրանց զավակներն են»: